Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև տրանսպորտային-լոգիստիկ համագործակցության քաղաքական հարթությունը՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում

Այսօր միջազգային ասպարեզում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն էականորեն նպաստել են աշխարհաքաղաքական քարտեզի վրա Հարավային Կովկասի նշանակության ընկալման վերափոխմանը, ինչպես նաև փոփոխել տվյալ տարածաշրջանում սեփական տեղի ու դերի մասին մի շարք առաջատար աշխարհաքաղաքական խաղացողների (օրինակ՝ Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի և այլն) պատկերացնումները։

Ընդորում, նշված ակտորների «նախաձեռնողական քաղաքականությունը», որը փաստացի փոխարինեց «ուժերի հավասարակշռության պահպանման» քաղաքականությանը, էապես ազդում է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի տրանսպորտային-լոգիստիկ պատկերի վրա, ինչն արտացոլվում է նախաձեռնված և ակտիվորեն առաջ մղվող տրանսպորտային-լոգիստին նախագծերում, որոնք հիմնված են ոչ միայն տնտեսական, այլև տարածաշրջանի և ընդհանուր առմամբ՝ միջազգային ասպարեզի խոշորագույն դերակատարների քաղաքական և գաղափարական ֆունդամենտալ շահերի վրա։

Այս համատեքստում առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում աշխարհաքաղաքական և տրանսպորտային-լոգիստիկ մրցակցությունը երկու խոշորագույն տրանսպորտային և լոգիստիկ նախագծերի միջև՝ ՄՏՄ «Հյուսիս-Հարավ» և TRACECA:

2000թ․ սեպտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացած Տրանսպորտի եվրաասիական II կոնֆերանսի շրջանակներում Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև ստորագրվեց «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին համաձայնագիրը։ Ըստ որոշ փորձագետների, «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի (որը ԵԱՏՄ տրանսպորտային համակարգում առանցքային դեր ունի և կապում սկանդինավյան երկրները և ԵԱՏՄ հյուսիսարևմտյան երկրները Պարսից ծոցի և Հնդկական օվկեանոսի պետությունների հետ, անցնելով Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածքով) բեռնափոխադրումների ներուժը տարեկան կազմում է 14,6-ից մինչև 24,7 միլիոն տոննա։

Տարածաշրջանում մեկ այլ լայնածավալ տրանսպորտային միջանցք, որը ներկայացվում է որպես Մեծ Մետաքսի ճանապարհի վերակենդանացման և Եվրոպայի, Կովկասի և Ասիայի երկրները կապող նախագիծը (որին ներգրավված չէ  Ռուսաստանը) TRACECA-ն է, որի վերաբերյալ համաձայնագիրը (մի շարք վերապահումներով) ստորագրվել է 1998թ․-ին Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից, և որը, ըստ էության, ուղիղ մրցակցության մեջ է մտնում վերոնշված «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի հետ։

Այսպիսով, Հարավային Կովկասի տարածաշրջանն աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզ է միանգամից երկու խոշոր տրանսպորտային-լոգիստիկ նախագծերի համար, և ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգի փոխակերպման և գաղափարական առճակատման շարունակվող գործընթացների ֆոնին առանձնահատուկ նշանակություն ունի տարածաշրջանում սեփական շահեր ունեցով միջազգային խաղացողների համար։ Ավելին, 44-օրյա պատերազմի արդյունքում ի հայտ եկող աշխարհաքաղաքական իրողությունները նույնպես նպաստեցին «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի և «Արևմուտք-Արևելք» ՄՏՄ-ի միջև մրցակցության մակարդակի վերաիմաստավորմանը՝ էապես ուժեղացնելով նշված ՄՏՄ-ների հենց քաղաքական դերակատարումը։ 

ՄՏՄ «Հյուսիս-Հարավ» և ՄՏՄ «Արևմուտք-Արևելք»՝ Իրանի առաջնահերթությունների համատեքստում

Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի արդյունքները ոչ միայն փոխեցին ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ առաջացնելով մի շարք նոր հակասություններ և սպառնալիքներ, այլև Հարավային Կովկասում որոշ միջազգային դերակատարների ազդեցության ամրապնդման և իրենց դերակատարությունը տարածաշրջանում վերաիմաստավորելու հիմք հանդիսացան։ Խոսքը, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետության մասին է, որը տարածաշրջանի տրանսպորտային -լոգիստիկ ճարտարապետության և ընդհանրապես միջազգային տրանսպորտային միջանցքների վերոհիշյալ գլոբալ նախագծերի կարևորագույն օղակն է։

Այս համատեքստում կարելի է առանձնացնել մի քանի գործոններ, որոնք ազդում են ՄՏՄ «Հյուսիս-Հարավ»-ի հետ կապված Իրանի առաջնահերթությունների ձևավորման վրա։

  1. Հարաբերություններ Ադրբեջանի հետ։

Չնայած պաշտոնական Թեհրանի և Բաքվի միջև ընդհանուր տրանսպորտային և էներգետիկ օրակարգի ձևավորման շուրջ երկխոսության ակտիվացմանը (մասնավորապես, 2021թ․ նոյեմբերին համաձայնագիր է ստորագրվել Թուրքմենստանից Իրանի տարածքով Ադրբեջան տարեկան մինչև 1,5-2 միլիարդ խորանարդ մետր բնական գազի սվոպային մատակարարման մասին, ինչին նախորդել են մի շարք բանակցություններ, փոխայցելություններ, ինչպես նաև պաշտոնական Թեհրանի հայտարարությունները Կասպից ծովի իրանական հատվածի հետախուզական աշխատանքներին Բաքվի ներգրավման մասին) իրանա-ադրբեջանական հարաբերություններում նկատվում է լարվածության աճ, ինչը պայմանավորված է, մասնավորապես, ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների շրջանակներում ռազմական ակտիվ համագործակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի ակտիվ քաղաքականությամբ՝ այսպես կոչված «Մեղրու միջանցք» նախագծի իրագործման հարցում, որը գործարկվելու դեպքում, ըստ էության, Իրանը կզրկվի տարածաշրջանում ԻԻՀ-ի՝ տարանցիկության հարցում կարևոր գործընկեր հանդիսացող Հայաստանի հետ ուղիղ ցամակային կապից։

2. Իրանի ակտիվ քաղաքականությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության, ինչպես նաև Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ առևտրային հարաբերությունների ընդլայնման  ցանկությունը։

Այսպիսով, 2018թ․մայիսի 17-ին ԵԱՏՄ երկրները և Իրանը ստորագրեցին Ազատ առևտրի գոտու ձևավորման մասին ժամանակավոր պայմանագիրը (երկարաձգվել է 2022 թվականի մարտին)։ Արդյունքում մի շարք ապրանքներին վերաբերվող միջին մաքսատուրքը զգալիորեն նվազեցվել են, ինչը նպաստել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրի ակտիվացմանը։ Իրանի մաքսային դեպարտամենտի ներկայացուցիչ Ռուհոլլահ Լաթիֆիի հայտարարության համաձայն՝ Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը 2021թ․ մարտից մինչև 2022թ․ մարտն ընկած ժամանակահատվածում կազմել է 5,6 մլրդ դոլար (աճը՝ 66%)։ Միևնույն ժամանակ, Իրանի հիմնական առևտրային գործընկեր ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման առումով հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը։

Այս մատաեքստում  «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ նախագծի իրականացումը կկրճատի Իրանի և ԵԱՏՄ-ի, մասնավորապես՝ Ռուսաստանի միջև ապրանքների փոխադրման երթուղին, էապես մեծացնելով այդ երկրների միջև ապրանքաշրջանառությունը, ինչն առանձնահատուկ նշանակություն ունի հակառուսական և հակաիրանական պատժամիջոցների (ըստ պաշտոնական ներկայացուցիչների՝ ապրանքաշրջանառության ցուցանիշը կարող է աճել հինգ անգամ՝ հասնելով $30 մլրդ-ի) պայմաններում։ 

Այս համատեքստում ևս պետք է նշել Իրանի համար «Մեղրու միջանցքի» շահագործման անցանկալի լինելու մասին, քանի որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, հանդիսանում է Իրանի համար ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հարցում կարևորագույն օղակը։

Ի լրումն վերը նշվածի, ՄՏՄ «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացումը կոմպլիմենտար է «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու Իրանի նախաձեռնությանը, որը Իրանին թույլ կտա ակտիվացնել առևտուրը ԵԱՏՄ-ի հետ։ Այս հարցի վերաբերյալ 2021թ․ նոյեմբերին Հայաստանում Իրանի դեսպանությունը նշել է «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի նախագծին Հայաստանի մասնակցության կարևորությունը՝ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման համատեքստում:

3․ Հարավային Կովկասում Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունների աճ։

Այսօր Ռուսաստանի և Եվրոպայի միջև Իրանի հիմնական ապրանքաշրջանառությունն իրականացվում է Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով։ Միաժամանակ, Ադրբեջանի և Նախիջևանի, ինչպես նաև Բաքվի և Անկարայի միջև տարանցման հիմնական մասը իրականացվում է Իրանի տարածքով։ Հաշվի առնելով Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա քաղաքական հակասությունները (մասնավորապես, օրինակ՝ Ադրբեջանի և Իսրայելի ակտիվ համագործակցությունը), Իրանը շահագրգռված է պայմաններ ստեղծել Հարավային Կովկասի տարածքով անցնող տրանսպորտային և լոգիստիկ երթուղիների դիվերսիֆիկացման համար, որպեսզի հնարավոր լինի պահպանել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում (օրինակ՝ «Երասխ-Հորադիզ» երկաթուղու գործարկումը Իրանին կզրկի Ադրբեջանի և Նախիջևանի միջև հիմնական տրանսպորտային կապալառուի կարգավիճակից, ինչը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանում Իրանի քաղաքական դերակատարության վրա)։ 

Այս համատեքստում Իրանի համար կարևոր է շահագործել Թեհրան-Ջուլֆա-Երասխ-Երևան երկաթուղային երթուղին (այնուհետև՝ դեպի Սև ծով), ինչն Իրանին թույլ կտա ոչ միայն առանցքային դերակատարում պահպանել Հարավային Կովկասի տրանսպորտային-լոգիստիկ կմախքում,  թուլացնելով Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը, ինչպես նաև հնարավորություններ կստեղծի օպտիմալացնելու տրանսպորտային և լոգիստիկ կապերը ԵԱՏՄ-ի, ինչպես նաև Հնդկաստանի և Չինաստանի հետ։ 

Այս, ինչպես նաև մի շարք այլ գործոններ (որոնցից ամենակարևորը, մասնավորապես, հավաքական Արևմուտքի պատժամիջոցային ճնշումն է Իրանի վրա) որոշեցին Իրանի առաջնահերթությունները մրցակցող տրանսպորտային միջանցքային նախագծերի միջև ընտրության հարցում։

Այսպես, 2021թ․մայիսին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ընդգծել է Թեհրան-Ջուլֆա-Երասխ ճանապարհով, Վրաստանով դեպի Սև և Միջերկրական ծովեր (շրջանցելով Թուրքիան և Ադրբեջանը), Ասիայի և Հնդկաստանի (որը նույնպես կիսում է այդ մոտեցումը) շուկաներ դուրս եկող Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթուղու նախագծի իրագործումն արագացնելու անհրաժեշտությունը, և Ջուլֆա-Երասխ հատվածի շահագործումը հնարավորություն կտա Իրանին արդյունավետորեն ինտեգրվել «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ին՝ ավելացնելով բեռնաշրջանառությունը Ռուսաստանի հետ, և բարձրացնելով այս ուղղությամբ տրանսպորտային-լոգիստիկ քաղաքականության արդյունավետությունը: 

Ավելին, որպես հարավկովկասյան տրանսպորտային համակարգի տրամաբանության և կառուցվածքի քաղաքական տեսլականի տրամաբանական շարունակություն, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին 2021թ․ հոկտեմբերին Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարեց «Կովկասյան միջանցքի» ստեղծման նախագծի մեկնարկի մասին (որոշ փորձագետներ սա դիտարկեցին որպես «Մեղրու միջանցքին» այլընտրանք ստեղծելու հայտ՝ Թուրքիայի և Ադրբեջանի աշխարհաքաղաքական հավակնություններին հակակշիռ ստեղծելու նպատակով):

Հդկաստանի տեղն ու դերը Հարավային Կովկասի տրանսպորտային-լոգիստիկ համակարգում

Միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգի վերափոխումը զգալիորեն ընդլայնել է տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում նաև Իրանի, Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը, ինչը, ինչպես և Իրանի դեպքում, նույնպես պայմանավորված է մի շարք՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական գործոններով։ 

Այսպիսով, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական փոխգործակցության խորացման առումով կարևորագույն գործոններից է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ընդլայման ձգտումն է։

Շուրջ 1,4 միլիարդ բնակչություն ունեցող Հնդկաստանի Հանրապետությունը տնտեսական աճի տեմպերով առաջատարների թվում է և տարիների ընթացքում վստահորեն պահպանում է իր դիրքերը աշխարհի խոշորագույն տնտեսությունների տասնյակում։ Այնուամենայնիվ, չնայած երկրի տնտեսական աճի բարձր տեմպերին և Հնդկաստանի ու ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների ակտիվացմանը (որը, մասնավորապես, պայմանավորված է միջազգային ասպարեզում քաղաքական գերակայության համակարգի վերափոխմամբ), նրանց միջև փոխադարձ առևտրի ցուցանիշը համեմատաբար ցածր է:

Այսպես, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2021թ․-ին Միության արտաքին առևտրի մեջ Հնդկաստանը զբաղեցրել է 13-րդ տեղը, ինչը կազմում է ԵԱՏՄ արտաքին առևտրաշրջանառության միայն 1,9%-ը։ Հնդկաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է 1,8%։ Այնուամենայնիվ, կողմերը շահագրգռված են և ակտիվ քայլեր են ձեռնարկում փոխադարձ առևտրի և համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ 

Այս հարցում առանցքային դեր է խաղում «Հյուսիս-Հարա»վ ՄՏՄ-ը, որի գործարկումը ոչ միայն հնարավորություն կտա գրեթե կիսով չափ կրճատել ապրանքների առաքման ժամանակը Հնդկաստանից ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնություն՝ որպես Հնդկաստանի հիմնական առևտրային գործընկեր ԵԱՏՄ-ում (այսօր, տարբեր բրոքերային ընկերությունների կողմից հրապարակված տվյալների համաձայն, ապրանքների առաքման միջին ժամկետը կազմում է 50-55 օր (օրինակ՝ ապրանքների տեղափոխումը «Ջավահարլալ Նեհրու նավահանգիստ-Վոստոչնի նավահանգիստ» երթուղով)), այլև կնպաստի Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի հետ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը։ 

Բացի այդ, որոշ հետազոտողներ նշում են, որ Հնդկաստանի ինտեգրումը «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի նախագծին ունի նաև ընդգծված քաղաքական ենթատեքստ՝ պայմանավորված Արևմտյան Ասիայում Չինաստանի ազդեցությունը սահմանափակելու Հնդկաստանի ձգտմամբ:

«Հյուսիս-Հարավ» միջանցքի շահագործման հարցում Հնդկաստանի համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում իրանական Չահբահար նավահանգիստը (որը մի շարք ցուցանիշներով իր տեսակի մեջ եզակի է), որի զարգացումն ու շահագործումը հնարավորություն կստեղծի Իրանի հետ, այնուհետև դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ առևտրի իրականացումն իրականացնել՝ շրջանցելով Պակիստանը։

Նշված նավահանգստի շահագործումը և Իրանի ու Հայաստանի միջև ցամաքային հաղորդակցության առկայությունը կխթանի առևտրաշրջանառությունը նաև Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ։ Այս կապակցությամբ Իրանում Հնդկաստանի դեսպանը դեռ 2021թ․ հայտարարություն էր արել Իրանի Չահբահար նավահանգստից օգտվելու հեռանկարների և Իրանի Չահբահար նավահանգստով անցնող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքում Հայաստանը ներառելու մտադրության մասին։ 

Աղբյուրներ
  1. Международный транспортный коридор «Север – Юг»: создание транспортного каркаса Евразии.   Доклады и рабочие документы 21/5. Евразийский банк развития, 2021. URL: https://eabr.org/upload/iblock/c69/EDB_2021_Report_5_INSTC_rus.pdf
  2. Соглашение о своповых поставках газа подписали Иран, Азербайджан и Туркменистан. Электронный журнал «Нефть и Капитал» URL: https://oilcapital.ru/news/abroad/29-11-2021/soglashenie-o-svopovyh-postavkah-gaza-podpisali-iran-azerbaydzhan-i-turkmenistan 
  3. Тегеран и Баку могут скоро подписать нефтегазовое соглашение по Каспию. Информационное агентство ТАСС. URL: https://tass.ru/ekonomika/12983933
  4. Interim Agreement leading to formation of a free trade area between the Eurasian Economic Union and its Member States, of the one part, and the Islamic Republic of Iran, of the other part․ URL: https://eec.eaeunion.org/upload/medialibrary/7bc/Interim-Agreement-EAEU_Iran_final.pdf
  5. ЕАЭС и Иран продлили временное соглашение о зоне свободной торговли. URL: https://www.belta.by/economics/view/eaes-i-iran-prodlili-vremennoe-soglashenie-o-zone-svobodnoj-torgovli-491161-2022
  6. Товарооборот между Ираном и странами ЕАЭС за год увеличился на 66%, до $5,6 млрд. URL: https://www.ritmeurasia.org/news–2022-04-16–tovarooborot-mezhdu-iranom-i-stranami-eaes-za-god-uvelichilsja-na-66-do-5-6-mlrd-59455
  7. Андрей Слепнев: «Оцениваем перспективу удвоения и даже увеличения до 5 раз объемов торговли между ЕАЭС и Ираном». URL: https://vastipress.ir/ru/news/2587
  8. Н.И. Маргарян. К вопросу о приоритетах Ирана на Южном Кавказе в контексте региональных транспортно-логистических проектов. Постсоветский материк 2(34), М.: 2022. С. 24.
  9. The countries participating in the Persian Gulf-Black Sea transit corridor are close to an agreement: the Iranian embassy to “Armenpress”. URL: https://armenpress.am/rus/news/1068604.html
  10. Наличие железной дороги Иран-Нахичевань-Армения может быть очень эффективными для двух стран – глава МИД Ирана. URL: https://www.aysor.am/ru/news/2021/05/26/%D0%97%D0%B0%D1%80%D0%B8%D1%84-%D0%9F%D0%B0%D1%88%D0%B8%D0%BD%D1%8F%D0%BD/1837313
  11. The official page of the Minister of Roads and Urban Development of Iran Rostam Ghasemi in the “Twitter”. URL: https://twitter.com/RostamGhasemi/status/1445823447129411589?cxt=HHwWisCi4fmwzJAoAAAA
  12. Top 10 largest economies in the world. Business insider (India). URL: https://www.businessinsider.in/top-10-largest-economies-in-the-world/articleshow/70547252.cms
  13. Внешняя торговля ЕАЭС с Индией. URL: https://eec.eaeunion.org/upload/medialibrary/317/EAES_Indiya.pdf
  14. Նույն տեղում։

ՁԵԶ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆԱԵՒ ԴՈՒՐ ԳԱ

Հայաստան-Վիետնամ հարաբերություններ. իրողություններ և հեռանկարներ

Վերացական: Հայաստանի ԽՍՀ-ի և Վիետնամի միջև հարաբերությունները համեմատաբար ամուր էին խորհրդային տարիներին: Հայկական ԽՍՀ-ն և նրա ժողովուրդը առանցքային դեր խաղացին Վիետնամի հեղափոխական և ազգային շինարարական նախաձեռնություններին աջակցելու գործում՝ զգալիորեն նպաստելով…
Դիտել գրառումը

Ռեգիոնալիզմի և բազմակողմ աշխարհի առաջացող դերը

Ներածություն Չինաստանի, Հնդկաստանի վերելքը և տարածաշրջանային միջին տերությունների ի հայտ գալը, ինչպիսին է Ինդոնեզիան Ասիայում, քաղաքականություն մշակողների և փորձագետների մտադրությունը տեղափոխել է Ասիա՝ փոփոխվող իրավիճակում, երբ Արևմուտքը կորցրել է իր…
Դիտել գրառումը

Չինաստան-Իրան. Յարաբերութիւններու Ակնարկներ

Մուտք Չինաստան եւ Իրան. մէկը համաշխարհային ճանաչումով գերհզօր պետութիւն, իսկ միւսը տարածաշրջանային ազդեցիկ ուժ։ Մէկը աշխարհաքաղաքական առումով կը գտնուի Հեռաւոր Արեւելքի մէջ, իսկ միւսը երկու կարեւոր եւ անկայուն տարածաշրջաններու միջեւ,…
Դիտել գրառումը

Չինաստանի արտաքին քաղաքականության գաղափարախոսական հենքերը

Ներածություն Չինաստանի վերելքը և համաշխարհային հանրությանը նրա ինտեգրումը հետսառըպատերազմյան դարաշրջանի կարևորագույն երևույթներից են: Որպես գերտերություն սկզբնավորվելուց ի վեր՝ Չինաստանը առաջնորդվել է հստակ արտաքին քաղաքական մոտեցմամբ, որի գաղափարախոսական հիմքերն անընդհատ ենթարկվում…
Դիտել գրառումը

Չինաստանի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։ Զարգացման միտումներ և հեռանկարներ

2013 թվականին Չինաստանի կառավարությունը հայտարարեց «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության մասին, որը իրենից ենթադրում է գլոբալ ենթակառուցվածքների զարգացման նախագիծ։ Այս նախագծը նպատակ ունի ընդգրկելու Ասիան, Եվրոպան և Աֆրիկան՝ այսինքն աշխարհի…
Դիտել գրառումը

ՀՀ-ՇՀԿ անվտանգային համագործակցության հեռանկարները

2022 թ. փետրվարի 24-ին ՌԴ-ի «Հատուկ ռազմական գործողության» իրականացմամբ սկսվեց ռուս – ուկրաինական պատերազմը, որը վերաճեց ՆԱՏՕ – ՌԴ ամնենախոշոր առճակատմանը Սառը պատերազմի ավարտից ի վեր։ Ռուսատանի և «Արևմուտքի» հարաբերությունների…
Դիտել գրառումը