Չինաստանի արտաքին քաղաքականության գաղափարախոսական հենքերը

Ներածություն

Չինաստանի վերելքը և համաշխարհային հանրությանը նրա ինտեգրումը հետսառըպատերազմյան դարաշրջանի կարևորագույն երևույթներից են: Որպես գերտերություն սկզբնավորվելուց ի վեր՝ Չինաստանը առաջնորդվել է հստակ արտաքին քաղաքական մոտեցմամբ, որի գաղափարախոսական հիմքերն անընդհատ ենթարկվում են տարատեսակ փոփոխությունների: Թեև Չինաստանի արտաքին քաղաքականությունը բազմակողմանի է և կրում է բազմաթիվ գործոնների ազդեցությունը, այդ թվում՝ պատմական, տնտեսական և ռազմավարական, դրա հիմքում ընկած գաղափարախոսությունների ուսումնասիրությունը վճռորոշ է՝ միջազգային հարաբերություններում Չինաստանի շարժառիթներն ու ձգտումները հասկանալու համար: Այս զեկույցով փորձ է արվում ներկայացնել Չինաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը ձևավորող հիմնական գաղափարախոսությունները և համաշխարհային հարաբերությունների վրա դրանց ազդեցության մասին։ Զեկույցի շրջանակներում ընդգրկված են 1949-ից մինչ մեր օրեր ընկած ժամանակահատվածը։

Ներկայիս աշխարհաքաղաքական շրջադարձային փոփոխությունների փուլում, երբ միջազգային հարաբերությունների ներկայիս համակարգը այլևս փլուզված է ու աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի շեմին, աշխարհի գերտերությունները անում են առավելագույնը՝ ապագա աշխարհակարգում առավել բարելավված ու առաջնորդող դիրք ունենալու համար։ Չինաստանն էլ, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հարթություններում առաջնորդող դիրք գրավելու իր հավակնությամբ պայմանավորված, փորձում է առավելագույնս օգուտ քաղել իրավիճակից ու ամրապնդել իր դիրքերը։ Եվ այս հանգամանքը տեղ է գտել 2023 թվականի հուլիս 1-ից ուժի մեջ մտած Չինաստանի «Արտաքին հարաբերությունների մասին» օրենքի մեջ։ Օրենքում հստակ հղում է տրվում է դեպի այն բոլոր գաղափարախոսությունները, որոնցով առաջնորդվում է Չինաստանը ներկայումս, մասնավորապես օրենքի 3-րդ հոդվածում ասված է․ «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հավատարիմ է մարքսիզմ-լենինիզմի, Մաոիզմի, Դեն Սյաոպինի տեսությանը, Ցզյան Զեմինի Եռակի ներկայացուցչության տեսությանը, Հու Ցզինտաոյի Զարգացման գիտական հայեցակարգին և Սի Ցզինպինի՝ նոր դարաշրջանի համար չինական բնութագրերով սոցիալիզմի գաղափարին՝ արտաքին հարաբերությունների զարգացման հարցում»։

Չինաստանի արտաքին քաղաքականության գաղափարախոսական զարգացումները առավել լավ հասկանալու համար՝ դրանք կդիտարկենք պրոֆեսոր Քին Յակինի առաջարկած փուլային համատեքստում։ Նախքան փուլային համատեքստում գաղափարախոսությունները դիտարկելը՝ հարկ է նշել, որ Չինաստանում կոմունիզմի հաստատման պահից սկսած՝ Չինաստանի արտաքին քաղաքականությունը վերահսկվում էր Չինաստանի կոմունիստական կուսակցության կողմից, հատկապես մաոիզմի ժամանակաշրջանում (1949-1976 թթ․): Մարքսիզմ-Լենինիզմ-Մաոիզմի գաղափարախոսությունը այլ երկրների հետ հարաբերություններում պաշտոնական մոտեցումն էր: Եվ միայն Չինաստանի Կոմունիստական կուսակցության տասնչորսերորդ համագումարից հետո՝ 1992 թվականին, Դեն Սյաոպինի «չինական բնութագրերով սոցիալիզմը» դարձավ առաջնորդող գաղափարախոսություն՝ ներառյալ նաև արտաքին քաղաքականության մեջ։

Պրոֆեսոր Քին Յակինին առաջ է քաշում այն տեսակետը, համաձայն որի արտաքին քաղաքականության գաղափարախոսության ու միջազգային հարաբերությունների տեսությունների չինական տարբերակի զարգացումն ու կայացումը տեղի է ունեցել երեք փուլերում՝ նախատեսության փուլ (1978-1990թթ․), տեսության ուսումնասիրության փուլ (1991-2000թթ․) և տեսության-նորարարության փուլը (2007թ. առ այսօր):

Նախատեսության փուլում (1978-1990թթ.) գերիշխող էին և՛ մարքսիզմը, և՛ լենինիզմը, սակայն տեսական պարադիգմ կառուցելու գիտակցված փորձ չի արվել: Սա այն փուլն էր, երբ 1974 թ․-ի փետրվարի 22-ին Մաո Ցզեդունը պաշտոնապես առաջարկեց իր «Երեք աշխարհների տեսությունը»՝ համաձայն որի «Առաջին աշխարհը» բաղկացած է հարուստ և միջուկային զենք ունեցող ԽՍՀՄ-ից և ԱՄՆ-ից, «Երկրորդ աշխարհ»-ի մեջ են մտնում Ճապոնիան, Եվրոպան, Ավստրալիան և Կանադան, իսկ «Երրորդ աշխարհն» ընդգրկում է Ասիայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի չզարգացած երկրները։ Դիվանագիտական նոր ուղղվածության հիմքը դնելով՝ Չինաստանը Մաոյի ելույթից հետո սկսում է առաջնահերթություն տալ Երրորդ աշխարհին իր արտաքին քաղաքականության մեջ: Մարքսիզմ-լենինիզմը և Մաոիզմը դարձան գլխավոր սկզբունքներ ու գործիքներ, որոնցով չափվում են արտաքին քաղաքականության բնագավառում հակասությունները՝ օգտագործելով դիալեկտիկական մատերիալիզմը։

Տեսության ուսումնասիրության փուլում (1991-2000թթ.) գերիշխող արևմտյան միջազգային հարաբերությունների տեսությունները, ինչպիսին լիբերալիզմն ու ռեալիզմն են, դարձան Չինաստանում՝ չինական արտաքին քաղաքականության որոշումների կայացման գործընթացները բացատրելու հիմնական միջոցներ: Չինաստանի Կոմունիստական կուսակցության տասնչորսերորդ կուսակցական համագումարից հետո՝ 1992 թվականին, Դեն Սյաոպինի «չինական բնութագրերով սոցիալիզմը» վերցվեց որպես հենք արտաքին քաղաքականության գաղափարախոսության համար։ Փորձեր արվեցին օգտագործել չինական ավանդական փիլիսոփայությունը և արևմտյան տեսական դաշտի նվաճումները՝ արտաքին քաղաքականության գաղափարախոսության մշակման համար։ Չինաստանի Կոմունիստական կուսակցության տասնվեցերորդ կուսակցական համագումարում՝ 2002 թվականին Ցզյան Զեմինը առաջարկեց «Եռակի ներկայացուցչության» տեսությունը՝ որպես արտաքին քաղաքականության գաղափարախոսություն ու միջազգային հարաբերությունների չինական տեսություն։ «Եռակի ներկայացուցչության» տեսությունը կուսակցական փաստաթղթերում նշվում է որպես քաղաքական միտք, որի շրջանակներում ակնկալվում էր, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը ներկայացնում է առաջադեմ սոցիալական արտադրողական ուժերը, առաջադեմ մշակույթը և ժողովրդի շահերը:

Տեսության նորարարության փուլում (2007թ. առ այսօր) արտաքին քաղաքականության գաղափարախոսական հենք սկսեց հանդիսանալ Չինաստանի Կոմունիստական կուսակցության տասնյոթերորդ համագումարում Հու Ցզինտաոյի ձևակերպած «զարգացման գիտական հայեցակարգը», որի դեպքում շեշտը դրվեց «ներդաշնակ աշխարհի» և «ներդաշնակ հասարակության» վրա, որոնց հնարավոր չի հասնել առանց խաղաղ զարգացման։ Կարելի է հստակ տեսնել, որ եթե Ցզյան Զեմինը շեշտը դնում էր մինչև 2020 թվականը «լավ հասարակության» կառուցման վրա՝ բարձր աճի տեմպերի պահպանման միջոցով, ապա Հու Ցզինտաոն շեշտը դրեց «հավասարակշռված և կայուն տնտեսական զարգացման» վրա: Ավելին, կոնստրուկտիվիզմի նկատմամբ հետաքրքրության աճը համընկավ Չինաստանի խաղաղ վերելքի վերաբերյալ պաշտոնական բանավեճի հետ, որը հանգեցրեց ինչպես Չինաստանի ազգային շահերի, այնպես էլ աշխարհում խաղաղ զարգացման չինական ռազմավարության վերաիմաստավորմանը:

2012 թ․-ին Չինաստանի Կոմունիստական կուսակցության տասնութերորդ համագումարից հետո նախագահ Սի Ցզինպինը խոսեց «Չինական երազանքի» և «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության (Belt and road initiative) մասին։ Ներքին լսարանի համար նա ավելի շատ շեշտը դրեց բարեկեցիկ հասարակության կառուցման վրա` մինչև 2020 թ․-ը չինական տնտեսության բարեփոխման շրջանակներում մոտ 50 միլիոն մարդու աղքատությունը վերացնելու միջոցով՝ վերականգնելով հնագույն մետաքսի ճանապարհը: Արտաքին լսարանի համար նա շեշտը դրեց «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության դրական դերի վրա՝ Եվրոպան Ասիայի հետ կապելու և հնագույն մետաքսի ուղիները վերականգնելու միջոցով։ Այժմ խոսվում է Չինաստանի «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ արևմտյան Ասիայի կամ Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների հնարավոր ընդգրկման մասին: Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկի և ԲՐԻԿՍ-ի՝ Նոր զարգացման բանկի ստեղծումը, G-20-ի գագաթնաժողովի անցկացումը Հանչժոուում և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի ելույթը 2018 թ․-ի Համաշխարհային տնտեսական ֆորումում, որտեղ նա ընդգծեց գլոբալիզացիայի առավելությունները, ինչպես նաև Չինաստանի առաջնորդական դերը Փարիզի Կլիմայական համաձայնագրում 2016 թվականին՝ ներառական, արդար համաշխարհային տնտեսական կարգ կառուցելու համար, չի կարելի անտեսել։ Հետևաբար, Չինաստանի արտաքին քաղաքականության մեջ ակնհայտորեն տեղաշարժ է տեղի ունենում Դեն Սյաոպինի 24 նիշերի ռազմավարությունից, որի գլխավոր սկզբունքն էր «զուսպ եղի՛ր և սպասի՛ր քո ժամանակին», որի ներքո Սյաոպինը առաջ էր քաշում այն գաղափարը, որ Չինաստանը երբեք չի հավակնի առաջնորդության, երբեք չի ձգտի հեգեմոնիայի, երբեք չի ձգտի ազդեցության գոտի դառնալու և երբեք չի միջամտի այլ երկրների ներքին գործերին, նույնիսկ եթե մի օր դառնա գերտերություն, դեպի Սի Ցզինպինի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հարթություններում համաշխարհային առաջնորդի դերը ստանձնելու հավակնությանը։

Բացի վերոնշյալ ուղղությունները՝ առանձին կետով անդրադարձ է կատարվել նաև երկու շատ կարևոր գաղափարախոսությունների մասին, որոնք շատ արդիական են ներկայիս չինական քաղաքականության մեջ։ Խոսքը գնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջին վարչապետ Չժոու Էնլայի առաջարկած «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներին» ու Սի Ցզինպինի՝ «նոր դարաշրջանի համար չինական բնութագրերով սոցիալիզմի» գաղափարին: Մենք ցանկանում ենք առանձին կետերով անդրադառնալ այս երկու գաղափարական ուղղություններին, քանի որ և՛ Չինաստանի Կոմունիստական Կուսակցության 2002 թվականի 16-րդ համագումարի ժամանակ նախագահ Ցզյան Զեմինի կողմից, և 2022 թվականի 20-րդ համագումարի ժամանակ Սի Ցզինպինի կողմից դրանք առանձահատուկ շեշտվել են ու հիմնաքարային են չինական թե՛ ներքին, թե՛ մասնավորապես արտաքին քաղաքականության համար։

Այսպես՝ Ցզյան Զեմինը 2002 թ․-ի իր ելույթում ասում է. «Մենք շարունակելու ենք բարելավել և զարգացնել հարաբերությունները զարգացած երկրների հետ։

Ելնելով բոլոր շահագրգիռ երկրների բնակիչների հիմնարար շահերից՝ մենք կընդլայնենք ընդհանուր շահերի համակցման կետերը և պատշաճ կերպով կկարգավորենք տարաձայնությունները՝ հիմնվելով Խաղաղ համակեցության հինգ սկզբունքների վրա՝ չնայած սոցիալական համակարգի և գաղափարախոսության տարբերություններին»։

Սի Ցզինպինը իր ելույթում ասում է․ «Չինաստանը հավատարիմ է Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներին` այլ երկրների հետ բարեկամության և համագործակցության հաստատման հարցում: Այն հավատարիմ է նոր տեսակի միջազգային հարաբերությունների խթանմանը, հավասարության, բացության և համագործակցության վրա հիմնված գլոբալ գործընկերությունների խորացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև այլ երկրների հետ շահերի համակցմանը»։ «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքները» զգալի ազդեցություն են ունեցել ու շարունակում են ունենալ Չինաստանի արտաքին քաղաքականության վրա: Այս սկզբունքները առաջարկվել են Չինաստանի վարչապետ Չժաու էնլայի կողմից 1953 թ․-ի դեկտեմբերի 31-ին Հնդկաստանի պատվիրակության հետ Տիբեթի վիճելի տարածքի շուրջ քննարկման ժամանակ: Ընդգծելով ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի, չմիջամտության և խաղաղ համակեցության կարևորությունը՝ Հինգ սկզբունքներն ամրագրված են 1955 թվականի Բանդունգի կոնֆերանսի տասը սկզբունքներում և դարձել են Չինաստանի արտաքին քաղաքականության հիմքում ընկած սկզբունքների հիմնարար փաթեթը Սառը պատերազմի ընթացքում և դրանից հետո: Դրանք շարունակում են ձևավորել Չինաստանի մոտեցումը միջազգային հարաբերությունների վերաբերյալ և ուղղորդող դեր ունեն նրա արտաքին քաղաքական որոշումների կայացման հարցում մեր օրերում։ Ահա Խաղաղ համակեցության սկզբունքներն ու Չինաստանի ներկայիս արտաքին քաղաքականության վրա դրանց ազդեցության շրջանակները.

  1. Փոխադարձ հարգանք միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ․ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս այլ ազգերի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին: Այն պաշտպանում է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը և երկխոսության և բանակցությունների միջոցով վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու մոտեցումը։ Այս սկզբունքի վրա է հիմնված Չինաստանի դիրքորոշումը տարածքային վեճերի հետ կապված հարցերում, ինչպիսին է Հարավչինական ծովի քեյսը, որտեղ Չինաստանն ընդգծում է ներգրավված կողմերի՝ ինքնիշխանությունը հարգելու և խաղաղ լուծումներ գտնելու կարևորությունը:
  2. Միմյանց վրա չհարձակվելու սկզբունք․ Չինաստանը հավատարիմ է չհարձակվելու սկզբունքին և դեմ է միջազգային հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը: Այն նպաստում է խաղաղ համակեցությանը և հանդես է գալիս որպես հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորման ջատագով։ Այս սկզբունքն արտացոլված է Չինաստանի կողմից դիվանագիտական լուծումների շեշտադրմամբ, երկխոսությանն ու բանակցություններին նրա հավատարմությանը, ինչպես նաև վեճերի խաղաղ կարգավորման մեխանիզմներին, ինչպիսիք են արբիտրաժը, միջնորդությունն ու այլ ձևաչափեր:
  3. Միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունք․ Չինաստանը պահպանում է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը: Այն ընդունում է ազգերի անկախությունն ու ինքնիշխանությունը հարգելու կարևորությունը սեփական քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերը որոշելիս: Այս սկզբունքն ազդում է դիվանագիտության նկատմամբ Չինաստանի մոտեցման վրա, քանի որ այն ձգտում է զարգացնել համագործակցային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և չմիջամտելու վրա, այլ ոչ թե այլ երկրներին պարտադրելու սեփական արժեքները կամ կառավարման մոդելները:
  4. Հանուն փոխադարձ շահի՝ հավասարության և համագործակցության սկզբունք․ Չինաստանն իր արտաքին քաղաքականության մեջ ընդգծում է հավասարության և փոխշահավետության սկզբունքը։ Այն ձգտում է խթանել արդար և հավասարակշռված հարաբերությունները այլ ազգերի հետ՝ անկախ նրանց չափից և ուժից: Չինաստանը ձգտում է ներգրավվել զարգացող երկրներին փոխշահավետ համագործակցության, առևտրի և ներդրումային գործընկերության մեջ՝ ընդգծելով շահեկան արդյունքները: Այս սկզբունքն ակնհայտ է տնտեսական գլոբալիզացիայի նկատմամբ Չինաստանի մոտեցման մեջ, որտեղ այն հանդես է գալիս ներառական աճի, առևտրի ազատականացման և համագործակցության օգտին, որը ձեռնտու է բոլոր ներգրավված կողմերին:

Սի Ցզինպինի «նոր դարաշրջանի համար չինական բնութագրերով սոցիալիզմի գաղափարը» զգալի ազդեցություն է ունեցել Չինաստանի արտաքին քաղաքականության վրա: Այս գաղափարական շրջանակը, որը ներկայացրել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ուրվագծում է Չինաստանի զարգացման և կառավարման հիմնական սկզբունքներն ու ռազմավարական նպատակները: Ահա դրա ազդեցության մի քանի հիմնական ասպեկտներ.

  1. Հաստատակամ դիվանագիտություն. Սի Ցզինպինի վարած արտաքին քաղաքականության արդյունքում Չինաստանը միջազգային հարաբերություններում ներկայանում է որպես առավել հաստատակամ և ինքնավստահ խաղացող: Նա խթանում է այն գաղափարը, որ Չինաստանը պետք է ակտիվորեն ներգրավվի նոր աշխարհակարգի ձևավորման մեջ, առաջ մղի իր շահերը և պաշտպանի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս հաստատակամ մոտեցումն ակնհայտ է Չինաստանի կողմից այնպիսի նախաձեռնությունների մեջ, ինչպիսին է «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, որի միջոցով Չինաստանը փորձում է ընդլայնել իր տնտեսական կապերը մյուս երկրների հետ և ազդեցությունը համաշխարհային մակարդակով:
  2. Գերտերություններին բնորոշ դիվանագիտություն. Սի Ցզինպինի գաղափարն ընդգծում է մեծ տերություն դառնալու Չինաստանի ձգտումները: Նա կոչ է անում իրականացնել ազգի երիտասարդացման «չինական երազանքը», որը ներառում է բարգավաճ և ուժեղ Չինաստանի տեսլականը, որը առաջատար դեր կունենա համաշխարհային հարցերում: Այս հավակնությունն արտահայտվում է Չինաստանի ջանքերում՝ ընդլայնելու իր ռազմական հնարավորությունները, մեծացնելու իր դիվանագիտական ազդեցությունը և ակտիվորեն ներգրավվելու տարածաշրջանային և համաշխարհային բազմակողմ ֆորումներում:
  3. Հիմնական շահերը և ազգային անվտանգությունը. Սի Ցզինպինի գաղափարի համաձայն՝ Չինաստանի հիմնական շահերը և ազգային անվտանգության պաշտպանությունը գլխավոր առաջնահերթություններ են համարվում: Նա պնդում է, որ Չինաստանը պաշտպանելու է իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական կայունությունը։ Ազգային անվտանգության այս շեշտադրումն ակնհայտ է Չինաստանի մոտեցումներում այնպիսի զգայուն հարցերի նկատմամբ, ինչպիսիք են Թայվանի, Հարավչինական ծովի և Հոնկոնգի քեյսերը, երբ Չինաստանը ձգտում է պաշտպանել այն տարածքները որոնք համարում է իր տարածքի անբաժանելի մասը:
  4. Տնտեսական դիվանագիտություն. Սի Ցզինպինի արտաքին քաղաքականությունը ընդգծում է տնտեսական զարգացումը որպես հիմնական նպատակ: Նա խրախուսում է Չինաստանի տնտեսական շահերի առաջմղումը արտերկրում այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությունն է, ինչի միջոցով ձգտում է բարելավել կապը, ենթակառուցվածքների զարգացումը և այլ երկրների հետ առևտրային հարաբերությունները: Չինաստանի տնտեսական դիվանագիտությունը նպատակ ունի առավել ընդլայնել իր մուտքը համաշխարհային շուկա և խթանել չինական արդյունաբերությունն ու տեխնոլոգիաները:
  5. Բազմակողմանիություն չինական բնութագրերով. Սի Ցզինպինի գաղափարի համաձայն՝ Չինաստանը պետք է ակտիվ դերակատարություն ունենա համաշխարհային կառավարման ձևավորման և աշխարհի՝ որպես «ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի» գաղափարի առաջմղման հարցում: Թեև Չինաստանը գիտակցում է բազմակողմանիության կարևորությունը, նա նաև ընդգծում է գոյություն ունեցող աշխարհակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը՝ զարգացող երկրների շահերին ավելի լավ համապատասխանելու համար: Չինաստանը ակտիվորեն ներգրավված է այնպիսի նախաձեռնություններում, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ԲՐԻԿՍ-ը և Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկը, որտեղ նա ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը և առաջարկել համաշխարհային կառավարման այլընտրանքային մոդելներ:
    Կարևոր է նշել, որ Սի Ցզինպինի գաղափարի ազդեցությունը Չինաստանի արտաքին քաղաքականության վրա գիտնականների և փորձագետների միջև շարունակական վերլուծության և բանավեճի թեմա է դառնում: Թեև այս անդրադարձ տալիս է ընդհանուր պատկերացում, սակայն Սի Ցզինպինի գաղափարի կոնկրետ իրականացումն ու մեկնաբանությունը կարող է տարբեր լինել քաղաքականության տարբեր ոլորտներում՝ ժամանակաշրջանից կախված:

Եզրակացություն

Չինաստանի արտաքին քաղաքականությունը իրենից ներկայացնում է պրագմատիզմի, համաշխարհային գաղափարախոսությունների, պատմական փորձի և կոմունիստական կուսակցության զարգացող գաղափարախոսությունների բարդ փոխազդեցություն: Թեև Չինաստանը այլևս առաջնահերթ չի համարում հեղափոխության արտահանումը, այն շարունակում է հավատարիմ մնալ իր հիմնական ազգային շահերի պաշտպանությանը և տնտեսական զարգացմանը: Երկրի արտաքին քաղաքականությունը ձևավորվում է գաղափարական մոտեցումների սիթեզի շնորհիվ՝ պահպանելով ճկունությունը ժամանակաշրջանային համատեքստից ելնելով: Չինաստանի արտաքին քաղաքականության գաղափարական հենքերի ըմբռնումը կարևոր է համաշխարհային քաղաքականության մեջ ու միջազգային հարաբերություններում նրա դրդապատճառները, հավակնությունները և գործողությունները հասկանալու համար:

ՁԵԶ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆԱԵՒ ԴՈՒՐ ԳԱ

Հայաստան-Վիետնամ հարաբերություններ. իրողություններ և հեռանկարներ

Վերացական: Հայաստանի ԽՍՀ-ի և Վիետնամի միջև հարաբերությունները համեմատաբար ամուր էին խորհրդային տարիներին: Հայկական ԽՍՀ-ն և նրա ժողովուրդը առանցքային դեր խաղացին Վիետնամի հեղափոխական և ազգային շինարարական նախաձեռնություններին աջակցելու գործում՝ զգալիորեն նպաստելով…
Դիտել գրառումը

Ռեգիոնալիզմի և բազմակողմ աշխարհի առաջացող դերը

Ներածություն Չինաստանի, Հնդկաստանի վերելքը և տարածաշրջանային միջին տերությունների ի հայտ գալը, ինչպիսին է Ինդոնեզիան Ասիայում, քաղաքականություն մշակողների և փորձագետների մտադրությունը տեղափոխել է Ասիա՝ փոփոխվող իրավիճակում, երբ Արևմուտքը կորցրել է իր…
Դիտել գրառումը

Չինաստան-Իրան. Յարաբերութիւններու Ակնարկներ

Մուտք Չինաստան եւ Իրան. մէկը համաշխարհային ճանաչումով գերհզօր պետութիւն, իսկ միւսը տարածաշրջանային ազդեցիկ ուժ։ Մէկը աշխարհաքաղաքական առումով կը գտնուի Հեռաւոր Արեւելքի մէջ, իսկ միւսը երկու կարեւոր եւ անկայուն տարածաշրջաններու միջեւ,…
Դիտել գրառումը

Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև տրանսպորտային-լոգիստիկ համագործակցության քաղաքական հարթությունը՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում

Այսօր միջազգային ասպարեզում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն էականորեն նպաստել են աշխարհաքաղաքական քարտեզի վրա Հարավային Կովկասի նշանակության ընկալման վերափոխմանը, ինչպես նաև փոփոխել տվյալ տարածաշրջանում սեփական տեղի ու դերի մասին մի շարք…
Դիտել գրառումը

Չինաստանի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։ Զարգացման միտումներ և հեռանկարներ

2013 թվականին Չինաստանի կառավարությունը հայտարարեց «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության մասին, որը իրենից ենթադրում է գլոբալ ենթակառուցվածքների զարգացման նախագիծ։ Այս նախագծը նպատակ ունի ընդգրկելու Ասիան, Եվրոպան և Աֆրիկան՝ այսինքն աշխարհի…
Դիտել գրառումը

ՀՀ-ՇՀԿ անվտանգային համագործակցության հեռանկարները

2022 թ. փետրվարի 24-ին ՌԴ-ի «Հատուկ ռազմական գործողության» իրականացմամբ սկսվեց ռուս – ուկրաինական պատերազմը, որը վերաճեց ՆԱՏՕ – ՌԴ ամնենախոշոր առճակատմանը Սառը պատերազմի ավարտից ի վեր։ Ռուսատանի և «Արևմուտքի» հարաբերությունների…
Դիտել գրառումը