Չինաստանի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։ Զարգացման միտումներ և հեռանկարներ

2013 թվականին Չինաստանի կառավարությունը հայտարարեց «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության մասին, որը իրենից ենթադրում է գլոբալ ենթակառուցվածքների զարգացման նախագիծ։ Այս նախագծը նպատակ ունի ընդգրկելու Ասիան, Եվրոպան և Աֆրիկան՝ այսինքն աշխարհի բնակչության 64%-ը և աշխարհի ՀՆԱ-ի 30%-ը։ 2017թ․-ին նախագիծը պաշտոնապես ներառվեց Չինաստանի սահմանադրության մեջ՝ ամրագրելով, որ Չինաստանը դուրս է գալիս մեկուսացումից՝ նպատակ հետապնդելով իր վրա վերցնել համաշխարհային տնտեսական ցանցի առաջնորդությունը։ Չնայած որ ենթակառուցվածքների զարգացումը նախաձեռնության կենտրոնական բաղադրիչն է, նախագիծն ունի համընդգրկուն բնույթ և ներառում է 5 պաշտոնական նպատակ՝ 1․ նվազագույնի հասցնել քաղաքական տարաձայնությունները, որոնք կխոչընդոտեն տնտեսական ինտեգրացիային, 2․ստեղծել Հարավային, Արևելյան և Արմտյան Ասիան կապող նոր ուղիներ,  3․նպաստել ազատ առևտրային հարաբերությունների հաստատմանը, վերացնել ներդրումների ծավալների ավելացմանը խանգարող խոչընդոտները, 4․վերափոխել դրամային շրջանառության կանոնները՝ հետզհետե անցում կատարելով տարածաշրջանային երկրների դրամներով առևտրին, 5․ նպաստել տվյալ երկրների քաղաքացիների միջև շփումների ակտիվացմանը։  Նախագծի հիմնական թիրախը այս պահին 2 բաղադրիչի վրա է՝ էներգետիկայի  և տրանսպորտի ոլորտների։ Հաշվի առնելով այն փաստը, որ Չինաստանը մեծ հաշվով կախված է ներկրվող հանածո վառելիքից, ներդրումները մեծ մասամբ իրականացվում են հենց էներգետիկ ոլորտում:

Աշխարհաքաղաքական համատեքսում Չինաստանի այս նախաձեռնությունը կարելի է բացատրել Մաքինդերի տեսության տեսանկյունից։ Ըստ Մաքինդերի տեսության՝ «նա, ով տիրում է Արևելյան Եվրոպային, տիրում է  Հարթլենդին, իսկ նա, ով տիրում է Հարթլենդին՝ տիրում է համաշխարհային կղզուն»[1]։ Մաքինդերը Հարթլենդի  մեջ ներառում է Ռուսաստանը և Կենտրոնական Ասիան։ Այս տարածքը ունի մեծ բնակչություն և կարող է արտադրել որոշակի կոլեկտիվ ինքնություն, որը կպայքարի ծովային ուժերի դեմ։ Մաքինդերը կարծում էր, որ  ծովային պետությունների համար գլխավոր մարտահրավերը ռուս-գերմանական միավորումն է Հարթլենդի շուրջ։ Հարթլենդի վերահսկողության մյուս հավանական թեկնածուն ըստ Մաքինդերի կարող էր լինել չին-ճապոնական առանցքը։ Չնայած նրան, որ  չին-ճապոնական տերությունը այդպես էլ չկայացավ, այնուամենայինիվ 21-րդ դարում արդեն Չինաստանի ձգտումը դեպի Հարթլենդ ակնհայտ է, որի յուրօրինակ դրսևորումը ՄԳՄՃ նախաձեռնությունն է, որը երկաթուղային հանգույցների, տրանսպորտային ուղիների և միջանցքների միջոցով հասնում է Հարթլենդին ։ Քանի որ Չինաստանը շրջապատված է իր հակառակորդ ԱՄՆ-ի դաշնակից ծովային տերություններով՝ Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայվան, Սինգապուր, ուստի Չինաստանի համար այս շրջանից դուրս գալու լավագույն միջոցը ծովային տերություն դառնալն է։ Այսպիսով Չինաստանը իր շահերը առաջ տանելու նպատակով հանդես է գալիս, որպես հիբրիդային պետություն։ Ուստի պատահական չէ որ Մեկ գոտի մեկ ճանապարհը ի սկզբանե ունի 2 բաղադրիչ՝ծովային և ցամաքային։

Հնդկական oվկիանոսով և Խաղաղ oվկիանոսի արևմտյան մասով անցնող Ծովային մետաքսի ճանապարհը ունի առանցքային նշանակություն Չինաստանի համար։ Այս երթուղիներով է իրականացվում ապրանքների արտահանումը դեպի Եվրոպա, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների՝ մասնավորապես Մերձավոր Արևելքից նավթի ներկրումը Չինաստան։ Այստեղ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ այս երթուղիները անցնում են Մալակայի նեղուցով, որը գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Ուստի Չինաստանին պետք է նեղուցը շրջանցող այլընտրանք, այն պարագայում, եթե ԱՄՆ-ի հրահրմամբ տարածաշրջանի այլ երկրների հետ վեճերի պատճառով փակվեն Հարավչինական և Արևելաչինական ծովերով աշխարհի հետ կապող ուղիները։

Այսպիսով Չինաստանի համար կարևորվում է նաև ցամաքային միջանցքների, երկաթուղիների և խողովակաշարերի զարգացումը, որը թույլ կտա շրջանցել Մալակայի նեղուցը։ Այս առումով ՄԳՄՃ-ի համար կարևորվում է Կենտրոնական և Արևմտյան Ասիան, ինչպես նաև Մերձավոր Արևելքը։ Տարածաշրջանի խողովակաշարերը և երկաթուղիները հնարավորություն են տալիս Չինաստանին՝ շրջանցելով Մալակայի նեղուցը, ներկրել նավթագազային ռեսուրսներ, ինչպես նաև կապել Չինաստանին իր արևմտյան սպառողների հետ։  Բացի այդ, համեմատելով նավով առաքումների հետ, երկաթուղային առաքումները կրկնակի էժան ու արագ են։ Մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ֆոնին ավելի շատ է աճել արագ և էժան փոխադրման տարբերակների անհրաժեշտությունը։ Ուստի տնտեսական տեսանկյունից ՄԳՄՃ ներդրումների փոխշահավետությունը տարածաշրջանում աճում է։ 

Ինչ վերաբերում է Հարավային Կովկաս տարածաշրջանին, ապա Չինաստանը այն դիտարկում է որպես էներգետիկ և տրանսպորտային հանգույց։ Այստեղ ամենաշատ ներդրումները Չինաստանը իրականացրել է Ադրբեջանում՝ մասնավորապես էներեգետիկ դաշտում։ Չինաստանը ակտիվ ներդրումներ է կատարել Շահ Դենիզ 2 հանքավայրի զարգացման համար։ Չինաստանը հետաքրքրված է նաև անդրկասպյան ստորջրյա խողովակաշարի կառուցման նախագծով, որով կապվելու են Կասպից ծովի ռեսուրսներով հարուստ երկրները։  Ինչ վերաբերում է Վրաստանին ապա այն Չինաստանի կողմից դիտարկվում է աշխարհագրորեն նպատակահարմար տրանսպորտային հանգույց, Վրաստանի դեպքում գրավիչ է նաև վերջինիս ազատ առևտրի համաձայնագրերը թե՛ եվրոպական, թե՛ չինական շուկաների հետ, ուստի Վրաստանը գրավիչ տարածք է չինական ապրանքները Եվրոպական շուկա ներմուծելու համար։ Վրաստանը տնտեսապես շահում է բեռնափոխադրումների պահեստավորման և բաշխման ծառայություններ իրականացնելով։ Վրաստանում և Ադրբեջանում Չինաստանը տնտեսական նախագծերից բացի իրականացնում է նաև սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նախագծեր, որը Չինաստանը իրականացնում է կամ որպես նվիրատվություն, կամ խիստ արտոնյալ պայմաններով։ Այսպիսով ներդրումային և վարկային քաղաքականությանը զուգահեռ Չինաստանը իրականացնում է նաև բուն փափուկ ուժի քաղաքականություն։ Պարտքերի և վարկերի միջոցով իրականացվող (debt-financed) տնտեսական  նախագծերը  տնտեսական ուժի կիրառման քաղաքականության արդյունք են, իսկ  սոցիալական ենթակառուցվածքների զարգացման քաղաքականությունը (aid-financed)  բնորոշվում է որպես փափուկ ուժի գործիքակազմ։ Այսպիսով ընդհանուր վերցված այս երկու երկրներում Չինաստանի ազդեցությունը կարելի է բնորոշել որպես խելացի ուժի քաղաքականություն։ 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ Չինաստանը իրականացրել է ամենաքիչ ներդրումները։ Գլխավոր տրանսպորտային նախագիծը, որտեղ ներգրավված է Հայաստանը Հյուսիս-Հարավ միջանցքն է։ Այնուամենայնիվ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի միայն 5%-ն է կառուցված, իսկ Չինաստանը այս հատվածում առանձնակի ներդրումներ չի իրականացրել։ Տրանսպորտային ոլորտի շրջանակներում Չինաստանը Հայաստանին նվիրել է շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև ավտոբուսներ՝ հասարակական տրանսպորտի խնդիրները լուծելու նպատակով: Ի տարբերություն Հայաստանի հարևանների, Չինաստանը ՀՀ-ի նկատմամբ վարում է մեծ հաշվով մշակութային դիվանագիտություն։ Հիմնական շեշտադրումը լեզվի և մշակույթի տարածումն է, ինչպես նաև մարդկային ռեսուրսների փոխանակումը, որը հանդես է գալիս կրթական ծրագրերի միջոցով և գերադասվում է տնտեսական նախագծերին։ 

Ինչպես նշվեց, ՄԳՄՃ-ի երկու առանցքային բաղադրիչները էներգետիկան և տրանսպորտն են։ Ուստի  պատահական չէ, որ Հարավային Կովկասում Չինաստանը խոշոր ներդրումներ է կատարել Հարավային գազային միջանցք նախագծի մեջ, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու։ Անդրկասպյան էներգետիկ միջանցքը գրավիչ նախագիծ է թե՛ արևմտյան, թե՛ արևելյան ներդրումների համար ։ Եթե արևմուտքի համար այն ռուսական գազից կախվածությունը թուլացնելու այլընտրանքային միջոց է, ապա Չինաստանը Անդրկասպյան էներգետիկ միջանցքը դիտարկում է հետագայում ՄԳՄՃ-ին  համակցելու նախագիծ։ Ներկայումս ՄԳՄՃ-ի ամենազարգացած ցամաքային հատվածը Հյուսիսային միջանցքն է, որը կապում է Չինաստանը Գերմանիայի հետ Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Լեհաստանի միջոցով։ Դեռևս 2010-ականներին Չինաստանի համար սկսեց կարևորվել Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային ուղու հարցը՝ կապված Արևմուտք-Ռուսաստան շարունակական առճակատման հետ։ Ուստի բարձրացավ Թուրքիայի կարևորությունը՝ որպես դարպաս դեպի եվրոպական շուկաներ։

Այնուամենայնիվ հարաբերությունների զարգացման դինամիկան ցույց է տալիս, որ Թուրքիան առավել շահագրգռված է եղել Չինաստանի հետ կապերի ընդլայմամբ՝ տնտեսական առաջընթաց ապահովվելու նպատակով։ 2014 թվականից ի վեր Էրդողանը դեպի Չինաստան իրականացրել է 4 պաշտոնական այց։ Այս ընթացքում կողմերը կարելի է ասել հանգել են լուռ պայմանավորվածության հարաբերությունները զարգացնել ՄԳՄՃ-ի շուրջ՝ շրջանցելով քաղաքական տարաձայնությունները։ 

2015 թվականին Անթալիայում կայացած Մեծ 20-յակի գագաթնաժողովում Չինաստանի և Թուրքիայի միջև կնքվեց Միջին միջանցքը և ՄԳՄՃ-ն համակցելու մասին փոխըմբռնման հուշագիր։ Չինաստանը զգալի ներդրումներ է կատարել Միջին միջանցքի որոշ նախագծերում։ Այդ ներդրումների շնորհիվ  ավարտին է հասցրվել  Մարմարայի ստորջրյա երկաթուղին, Եվրասիա թունելը և Յավուզ Սուլթան Սելիմի կամուրջը, որը կապում է Եվրոպան և Ասիան Ստամբուլով։ 2019 թվականի նոյեմբերին որպես խորհրդանշական ակցիա՝ ցույց տալու, որ այս ներդրումները Չինաստանը միացնում են Եվրոպային, Չինաստանի Սիան քաղաքից գնացքը մեկնեց դեպի Եվրոպա՝ անցնելով Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղով և Մարմարայի ստորջրյա թունելով։ Սա խորհրդանշական նշանակություն ուներ՝ առաջին անգամ ցույց տալով, որ գնացքը կարող է Չինաստանից Եվրոպա գնալ առանց կանգառի, որի շնորհիվ Չինական բեռները հասան Պրահա 18 օրում։ 

Հատկանշական է, որ Թուրքիան այս ընթացքում մեծ հաշվով խուսափել է երկու կողմերի միջև գլխավոր տարաձայնության՝ ույղուրական հարցի արծարծումից։ Սա հաճախակի բողոքի առիթ էր դառնում Թուրքիայում ապրող ույղուրական զանգվածի համար, որի կողմից իրականացվող բողոքի ակցիաները ճնշվում էին կառավարության կողմից։ 2021 թվականին այս առումով Թուրքիայի հասարակության  քննադատությանը հակազդելու համար թուրք պաշտոնյաները հայտարարություններ են տարածել՝ դատապարտելով Չինաստանի կամայական ձերբակալությունները, ֆիզիկական հարձակումները գաղթակայաններում և բանտերում: Ի խատասխան սրա՝ Թուրքիայում Չինաստանի դեսպան Դեն Լին հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով Թուրքիային, որ նման հայտարարությունները անհանգստություն կառաջացնեն չինացի ներդրողների շրջանում և «անխուսափելիորեն կխաթարեն երկկողմ հարաբերությունները»: 

2018 թվականին Թուրքիայի պետական երկաթուղիները և Չինաստանի տրանսպորտի նախարարությունը պայմանավորվածություն էին ձեռք բերել Էդիրնը Կարսին, մասնավորապես՝ Թուրքիայի արևմտյան և արևելյան սահմանները կապող արագընթաց երկաթգծի կառուցման վերաբերյալ։ Սակայն այս պահին այս նախագծի միայն մի փոքր մասն է ավարտված: 

  2021 թվականից սկսած Չինաստնի կողմից ներդրումային հոսքերի անկում է նկատվում, ինչին զուգահեռ աճում են քաղաքական տարաձայնությունների մասին հայտարարությունները։ 2022 թվականի դեկտեմբերին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անակնկալ քննադատական հայտարարություն արեց ույղուր փոքրամասնության նկատմամբ Չինաստանի քաղաքականության վերաբերյալ՝ նշելով, որ երկկողմ հարաբերությունների դանդաղումը արդյունք է այն բանի, որ Թուրքիան պաշտպանում է ույղուրների իրավունքները միջազգային հանրության առաջ, ինչպես նաև Անկարան մերժում է ընդունել Չինաստանի կողմից ույղուրների արտահանձնման խնդրանքը։ Չավուշօղլուն նաև քննադատել է Չինաստանին՝ Չինաստանում Թուրքիայի դեսպան Աբդուլքադիր Էմին Օնենին թույլ չտալու համար այցելել Սինծյան։ 

Այսպիսով  վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Չինաստանի շահագրգռվածությունը Միջին միջանցքի հարցում հստակ չէ և այս պահին Չինաստանը մեծ հաշվով սպասողական կեցվածք է ընդունել և փորձում է հեռվից հետևել տարածաշրջանում կատարվող փոփոխություններին, որոնք պայմանավորում են նաև հնարավոր միջանցքների սցենարները։ 

Այնուամենայնիվ հաշվի առնելով Թուրքիայի կողմից առաջ տարվող պանթյուրքիստական գաղափարախոսության ակտիվացումը, որը ենթադրում է մինչև Չինաստան բոլոր թյուրքախոս ազգերի միավորում, Հարավային Կովկասում Թուրքիայի դերի ամրապնդումը սպառնում է նաև Չինաստանի անվտանգությանը։   Չինաստանի սահմանային Սինծյան նահանգում ապրող թյուրքական ծագում ունեցող իսլամադավան ույղուրական համայնքի անջատողական ձգտումները Թուրքիայի կողմից տարածվող ծայրահեղ իսլամիստական հոսանքների ներթափանցման շնորհիվ ավելի կմեծանան։ ՄԳՄՃ-ի շնորհիվ Չինաստանը ձգտում է ինչ որ առումով թուլացնել նահանգի անջատողական ձգտումները։ Չին-Պակիստան համագործակցության շնորհիվ Չինաստանը ձգտում է բարելավվել նահանգի սոցիալ-տնտեսական դրությունը՝ այդ կերպ փորձելով նվազեցնել տեղի բնակիչների դժգոհությունները։ Կարևոր հարց է նաև այն, որ մի շարք ահաբեկչական խմբեր, օգտագործելով նահանգում աղքատության խնդիրը, փորձում են ներգրավել ույղուրներին իրենց շարքերում, որի արդյունքում նահանգում անջատողական միտումները գնալով սրվում են։  Այսպիսով ահաբեկչական հոսանքների ներթափանցումը Չինաստանի սահմաններին մոտ Չինաստանի համար անվտանգային սպառնալիք է։ Այս սպառնալիքնեները որոշակիորեն չեզոքացնելու համար Չինաստանը ձգտում է նաև ՄԳՄՃ-ի միջոցով կայունացնել սահմանակից երկրների և Մերձավոր արևելքի քաղաքական և տնտեսական իրադրությունը՝ ֆինանսական օգնություն ցուցաբերելով և ներդրումներ կատարելով, որպեզի ծայրահեղ իսլամիստական և ահաբեկչական հոսանքների տարածումը հնարավորինս սահմանափակվի։ 

Այնուամենայնիվ այս քաղաքականությունը չի կարող անվտանգային երաշխիքներ տալ, քանի դեռ ահաբեկչական և ծայրահեղ իսլամիստական հոսանքները ուղղորդվում են պետական ակտորի կողմից։ 44 օրյա պատերազմի ժամանակ հիմնավոր ապացույցներ են արձանագրվել Թուրքիայի միջոցով Հարավային Կովկաս տեղափոխված վարձկան ահաբեկիչների մասին։ Այսպես կոչված անկլավների հանձնման և Զանգեզուրի միջանցքի կայացման դեպքում Հարավային Կովկասում ահաբեկչական խմբավորումների ներթափանցման ռիսկերը զգալիորեն կաճեն։ Հետևաբար այս փաստերը ուղղակի ազդակ են Չինաստանին առավել հետևողական լինելու Հարավային Կովկասում ընթացող միտումներին, քանի որ դրանց բնույթը ուղղակիորեն առնչվում է Չինաստանի ազգային անվտանգության շահերին։ 

Ի հակադրություն Թուրքիա-Չինաստան հարաբերություններում առկա թուլացման միտումին, Չինաստան-Իրան հարաբերությունները  նոր մակարդակի վրա դրվեցին 2016 թվականից ի վեր, երբ կողմերի միջև  ստորագրվեց «Համապարփակ ռազմավարական համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարությունը» որը հիմք դարձավ 2021 թվականին կողմերի միջև 25-ամյա համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրելու համար։  2000-ականներից սկսած պայմանավորված Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ իրականացվող սանկցիոն քաղաքականությամբ Չինաստանը դարձել է Իրանի տնտեսության փրկoղակը, ինչը Չինաստանին տվել է ազդեցության մեծ լծակների հնարավորություն։ 2018-ին Չինական ներդրումային հոսքերի ցուցանիշով այդ տարածաշրջանի երկրների շարքում Իրանը զիջել է միայն ԱՄԷ-ին և Պակիստանին:  Իր հերթին Չինաստանը իրանական նավթի գլխավոր սպառողն է՝ 2020-ի հունվարից 2021-ի փետրվարի ընթացքում Չինաստանը Իրանից ներմուծել է շուրջ 17,8 մլն տոննա նավթ, որի մոտ 75%-ը իրականացվել է «անուղղակի» ձևով՝ Մալայզիայի, Օմանի, ԱՄԷ-ի միջոցով՝ շրջանցելով ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները։

   Ինչ վերաբերում է քաղաքական մերձեցմանը, ապա այն ամբողջապես տրամաբանական է քանի որ խոշոր հաշվով երկու երկրներն էլ ունեն հիմնական հակառակորդ՝ ի դեմս ԱՄՆ-ի։ Լոգիստիկ տեսանկյունից Իրանը գտնվում է Մերձավոր Արևելքը, Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը միմյանց կապող խաչմերուկում, ուստի առանցքային դեր ունի ՄԳՄՃ-ի շրջանակներում։ 

Իրանի և Չինաստանի արտգործնախարարների միջև ռազմավարական համագործակցության 25-ամյա համաձայնագիրը ստորագրվեց Թեհրանում 2021-ի մարտի 27-ին, որը որոշ փորձագիտական շրջանակների կողմից բնութագրվում է որպես  «Առյուծի և Վիշապի դաշինք»։ Վերոնշյալ փաստաթղթը ազդարարում է կողմերի միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը։ Պայմանագրում նախանշվում են երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր ուղենիշները, որոնց շարքում   առանձնակի կարևորվում է համագործակցությունը էներգետիկայի ոլորտում և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ երկաթուղիների, մայրուղիների և ծովային ճանապարհների զարգացման հարցերում՝ նպատակ ունենալով մեծացնել Իրանի դերակատարությունը ՄԳՄՃ-ում։

Ուշագրավ է, որ փաստաթղթի հիմնական մասում նաև նշվում է, որ «հաշվի առնելով ընդհանուր շահերը՝ ՄԳՄՃ նախաձեռնության շրջանակներում կողմերը կխրախուսեն երկկողմ հարաբերությունները և բազմակողմ կապերը՝ հարևան կամ երրորդ երկրներում համատեղ ծրագրեր իրականացնելու միջոցով»: Այսպիսով երկկողմ հարաբերություններից զատ՝ փաստաթուղթը առնչվում է նաև համընդգրկուն տարածաշրջանային մի շարք հարցերի և ընդհանուր առմամբ միտված է ՄԳՄՃ նախաձեռնության շրջանակներում Չինաստանի և Իրանի տարածաշրջանային շահերի առաջխաղացմանը։ Այսպիսով պատահական չէ որ փաստաթուղթը մեծ ուշադրության է արժանացել ոչ միայն Իրանում և Չինաստանում, այլև տարածաշրջանի տարբեր երկրներում։ Մասնավորապես նշվում է  կողﬔրի ներգրավումը Հյուսիս-Հարավ (Չաբահար նավահանգիստ-Կենտրոնական Ասիա) և Հարավ-Արևմուտք (Չաբահար և Բանդար Աբաս նավահանգիստներ-Թուրքիա և Ադրբեջան) ﬕջանցքներին։ Նշվում է նաև Պակիստան-Իրան-Իրաք-Սիրիա երկաթգծի և դրա հետ կապված ենթածրագրերի, Չինաստան-Պակիստան տնտեսական ﬕջանցքով բնական գազի մատակարարման և այլ ծրագրերի մասին։

Չնայած նրան, որ Հյուսիս-Հարավը Հնդկաստանի առաջ քաշած նախագիծն է, որը ունի մի շարք քաղաքական խորը տարաձայնություններ Չինաստանի հետ և դիտարկում է Հյուսիս-Հարավը Մեկ գոտի Մեկ Ճանապարհ նախաձեռնության հետ մրցակցային դաշտում, Չինաստանը ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում մեկ գոտի մեկ ճանապարհը և Հյուսիս-Հարավը համակցելու ուղղությամբ։ ՄԳՄՃ-ի նպատակների մեջ կարևորվում է տնտեսական համագործակցության միջոցով քաղաքական տարաձայնությունների թուլացումը տարածաշրջանային կարևոր ակտորների հետ, ուստտի Չինաստանը հանդես է գալիս գործուն քայլերով՝ ներգրավելու Հնդկաստանը ՄԳՄՃ-ի մեջ։ Այս տեսանկյունից Հյուսիս-Հարավը նպատակահարմար տարբերակ է, քանի որ այս երթուղում կողմերի շահերը մեծ հաշվով չեն բախվում և երկու երկրներն էլ ձգտում են խորացնել հարաբերությունները նախագծի գլխավոր անդամներ ՌԴ-ի և Իրանի հետ, որոնցից մասնավորապես ՌԴ-ի հետ առևտրի ծավալը զգալիորեն աճել է՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով։ 

Հյուսիս-Հարավ ճանապարհը Մոսկվայի ու Թեհրանի համար, պայմնաավորված արևմուտքի կողմից կիրառվող սանկցիաներով, ունի առանցքային նշանակություն՝ եվրոպական շուկան ասիականով փոխարինելու տեսանկյունից։ Մոսկվայի համար երթուղին հնարավորություն է տալիս բարելավելու իր տնտեսական հարաբերությունները Հնդկաստանի հետ, որը պատերազմի սկզբից ի վեր 22 անգամ ավելացրել է ռուսական ներկրվող նավթի ծավալները։  Իրանի համար միջանցքի զարգացումը շահավետ հնարավորություն է ընձեռում տարանցման վճարներ վաստակելու համար, որը գնահատվում է մոտ 100 դոլար մեկ տոննա ապրանքի համար իր տարածքով, ինչը համեմատելի է մեկ բարել նավթի արժեքի հետ։ հետ:

Հյուսիս-Հարավ միջանցքը կարող է անցնել հնարավոր 4 երթուղիներով՝ Կենտրոնական Ասիայի երկաթուղին, Կասպից ծովի ուղին, Հայաստանի տարածքով ճանապարհը, Ադրբեջանի տարածքով երկաթուղին։ Կենտրոնական Ասիայով անցնող ուղին, ունենալով ենթակառուցվածքային անհամապատասխանություններ, մեծ հաշվով չի արդարացնում Իրանի և Ռուսաստանի միջև առևտրի ծավալների սպասելիքները։  Արևմտյան ճանապարհը, որը անցնում է Ադրբեջանի տարածքով ենթակառուցվածքների պատրաստվածության առումով ունի որոշակի առավելություններ։ Այս երթուղով առևտրի ծավալը 2023 թվականի հունվարից մայիսը կազմել է 3․6 միլիոն տոննա ինչը կազմում է 37,9 տոկոս աճ՝ համեմատած նույն ժամանակահատվածում 2022 թ-ին։

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմնավորված արևմտյան երթուղու ամբողջացման խնդիրը ավելի ակտիվ փուլ է մտել։ Այս տարվա մայիսին Իրանի և Ռուսաստանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը, որը կապելու է Կասպից Ծովի ափին գտնվող իրանական քաղաք Ռեշտը Ադրբեջանի հետ սահմանային Աստրայի հետ: Համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանը 1,6 մլրդ եվրո (1,71 մլրդ դոլար) է հատկացրել երկաթուղու իր հատվածի զարգացման համար, որը նախատեսվում է ավարտել 48 ամսվա ընթացքում։ Իրանը կվճարի տարանցման վճարներից, երբ երթուղին գործարկվի: Ավարտից հետո Իրանը կկարողանա միացնել իր երկաթուղային ցանցը Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի և Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ, ինչը 4 շաբաթով կնվազեցնի Ասիայից դեպի Եվրամիություն բեռնափոխադրումների ժամանակը: Այնուամենայնիվ Իրանի համար Ադրբեջանով անցնող տարբերակը նվազագույնս նախընտրելի է՝ Ադրբեջանի հետ շարունակվող սուր աշխարհաքաղաքական լարման ֆոնին։

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով տարանցմանը՝ վերջին շրջանում Հնդկաստանը ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հետ կապերի ամրապնդմամբ և արտահայտում է իր ցանկությունը առ այն, որ Հյուսիս-Հարավ միջազգային ճանապարհը անցնի հենց Հայաստանի տարածքով։  Դրա քաղաքական դրդապատճառը  Հնդկաստանի գլխավոր հակառակորդ  Պակիստանի ու  Թուրքիայի և Ադրբեջանի միջև օրեցօր զարգացող հարաբերություններն են։  Բացի այդ Հնդկաստանը ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում ԵԱՏՄ-ի նկատմամբ, իսկ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկրին է, որը ունի ցամաքային կապ Իրանի հետ։ Իր հերթին Իրանը վերջին շրջանում առավել ակտիվ քայլեր է ձեռնարկում ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու  համաձայնագրի ստորագրման համար։  Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կարևոր քայլ է Թեհրանի և Մոսկվայի համար հակադրվելու Արևմուտքի պատժամիջոցներին ու տնտեսական ճնշմանը։ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելով՝ Իրանը ամրապնդում է իր հարաբերությունները Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների և Հայաստանի հետ։ Հայ-իրանական տնտեսական գործընկերությունը մեծացումը կամրապնդի Թեհրանի դիրքերը Կովկասում՝ հակազդելով 2020 թվականի պատերազմից հետո տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի աճող դերին։

Այսպիսով ներկայումս  Հարավային Կովկասում  ազդեցության համար պայքարող Թուրքիան ու Իրանը առաջ են տանում միջանցքային այն տրամաբանությունը, որը բխում է իրենց քաղաքական շահերից՝ ի դեմս Միջին միջանցքի և Հյուսիս-Հարավ միջանցքի։ Թուրքիայի համար այսօր հրամայական է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը, որը ուղիղ սպառնալիք է Հայաստանի և Իրանի կենսական շահերին և դարպաս Թուրքիայի պանթյուրքիստական նկրտումների իրականացման ճանապարհին։ Թուրքական շահերը սպասարկող այս քաղաքական նախագիծը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ներկայացվում է  տարածաշրջանային հաղորդակցության ուղիները հիմնովին փոխող նախագիծ, որը կդառնա հյուսիսը հարավին, ինրպես նաև արևելքը արևմուտքին կապող ամենակարճ տարբերակը։ Այս կերպ Թուրքիան փորձում է նախագծին ներգրավել այնպիսի շահգրգիռ կողմերի ինչպիսիք են Հնդկաստանը և Չինաստանը՝ Իրանի դիմադրությունը կոտրելու համար։ Մայիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» և՛ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», և՛ «Հյուսիս-հարավ» նախագծերի մի մասը կարող է դառնալ։ 

Ուսումնասիրելով Թուրքիայի և Իրանի հետ հարաբերությունների դինամիկան՝ կարող ենք ասել, որ թե՛ Հնդկաստանը, թե՛ Չինաստանը առավել ակտիվ շահագրգռվածություն են դրսևորում Իրանի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Այնուամենայնիվ, ինչպես նշվել է, ՄԳՄՃ-ն իրենից ենթադրում է տարածաշրջանային կոմունիկացիոն միջանցքների հետ համակցում, այլ ոչ թե հակադրում, ուստի եթե Թուրքիան փաստացի իրականացնի Զանգեզուրի միջանցքը, ապա այն ռիսկը, որ Չինաստանը կհամագործակցի նախագծի հետ իրատեսական է։ 

Ուսումնասիրելով Չինաստանի ներկայիս կեցվածքը Հարավային Կովկասի նկատմամբ, կարող ենք ասել, որ այն մտել է սպասողական փուլ՝ հեռվից հետևելով տարածաշրջանում տեղի ունեցող տրանսֆորմացիաներին՝ հասկանալու համար, թե ի վերջո որ ուղու համակցման ուղղությամբ կներգրավվի ՄԳՄՃ-ն։ Այսօր Հայաստանի համար թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական շահերի տեսանկյունից օրախնդիր է Իրանի հետ միասին Զանգեզուրի միջանցքին ընդդիմանալը։ Չնայած նրան, որ ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից Հայաստանը, որպես Հյուսիս-Հարավ միջանցքի պոտենցիալ թեկնածու զիջում է Ադրբեջանին, այնուամենայնիվ քաղաքական տեսանկյունից Հայաստանի դիրքերը առավել ամուր են՝ պայմանավորված Իրան-Ադրբեջան լարվածությամբ։ Հաշվի առնելով Իրանի հետ հարաբերություններում Հնդկաստանի և Չինաստանի կողմից ցուցաբերվող շահագրգռվածությունը, կարելի է ենթադրել, որ ՀՀ-ի տարածքով Հյուսիս-Հարավ միջանցքի կայացումը և Իրանի հետ տնտեսական ու քաղաքական կապերի ամրապնդումը կպայմանավորի նաև տնտեսական համագործակցության հեռանկարները Չինաստանի ՄԳՄՃ նախագծի շրջանակներում։

Աղբյուրներ
  1. Huang, Y. (2016). Understanding China’s Belt & Road Initiative: Motivation, framework and assessment. China Economic Review, 40, 314–321. https://doi.org/10.1016/j.chieco.2016.07.007
  2. Mackinder, Halford J. 1904. “The Geographical Pivot of History”, The Geographical Journal 23 (4) 
  3. Ibid p. 436
  4. Harper, T. (2019). China’s Eurasia: the Belt and Road Initiative and the Creation of a New Eurasian Power. The Chinese Journal of Global Governance, 5(2), 99–121. https://doi.org/10.1163/23525207-12340039
  5. ՉԻՆԱՍՏԱՆԻ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ / Մ.Սահակյան. – Եր.։ «Նորավանք» ԳԿՀ, 2018
  6. Նույն տեղում
  7. Kalkschmied, Katja, 2022. “Chinese lending specifics and projects in the Caucasus region: A look into project-level data,” Discourses in Social Market Economy 2022-11, OrdnungsPolitisches Portal (OPO) http://ordnungspolitisches-portal.com/wp-content/uploads/2022/11/2022-11-Kalkschmied.pdf?fbclid=IwAR1xXO2cEAkt9uYOwETehlqe-NrHIQeRZe3uSXECgT6kIMLFQfJ8wiEKNr0
  8.  Նույն տեղում
  9. Smolnik, F., Zabakhidze, M., Gabriadze, I., Beradze, R., Khishtovani, G., Gambino, E., & Fehlings, S. (2019). China’s “Belt and Road” Initiative and the South Caucasus. ETH Zurich, 111. https://doi.org/10.3929/ethz-b-000368298 
  10. Kalkschmied, Katja, 2022. “Chinese lending specifics and projects in the Caucasus region: A look into project-level data,” Discourses in Social Market Economy 2022-11, OrdnungsPolitisches Portal (OPO) http://ordnungspolitisches-portal.com/wp-content/uploads/2022/11/2022-11-Kalkschmied.pdf?fbclid=IwAR1xXO2cEAkt9uYOwETehlqe-NrHIQeRZe3uSXECgT6kIMLFQfJ8wiEKNr0 
  11. Concordiam, P., & Concordiam, P. (2022, November 17). Turkey-China Relations – per Concordiam. per Concordiam –. https://perconcordiam.com/turkey-china-relations/ accessed Jul 4, 2023
  12. Republic of Turkey, Ministry of Foreign Affairs, “Türkiye’s Multilateral Transportation Policy,” http://www.mfa.gov.tr/turkey_s-multilateral-transportation-policy.en.mfa  accessed Jul 4, 2023
  13.  Concordiam, P., & Concordiam, P. (2022, November 17). Turkey-China Relations – per Concordiam. per Concordiam –. https://perconcordiam.com/turkey-china-relations/ accessed Jul 4, 2023
  14. Turkey–China partnership: Is Beijing’s Belt and Road Initiative not delivering enough? (2023, March 15). Global Voices. https://globalvoices.org/2023/03/15/turkey-china-partnership-is-beijings-belt-and-road-initiative-not-delivering-enough/ accessed Jul 4, 2023
  15. Republic of Turkey Ministry of Foreign Affairs, “From Republic of Turkey Ministry of Foreign Affairs,” http://www.mfa.gov.tr/turkey_s-multilateral-transportation-policy.en.mfa accessed Jul 4, 2023
  16. Turkey–China partnership: Is Beijing’s Belt and Road Initiative not delivering enough? (2023, March 15). Global Voices. https://globalvoices.org/2023/03/15/turkey-china-partnership-is-beijings-belt-and-road-initiative-not-delivering-enough/ accessed Jul 4, 2023
  17. ՉԻՆԱՍՏԱՆԻ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ / Մ.Սահակյան. – Եր.։ «Նորավանք» ԳԿՀ, 2018
  18. OHCHR. (n.d.). Mercenaries in and around the Nagorno-Karabakh conflict zone must be withdrawn – UN experts. https://www.ohchr.org/en/press-releases/2020/11/mercenaries-and-around-nagorno-karabakh-conflict-zone-must-be-withdrawn-un  accessed Jul 4, 2023
  19. Full text of Joint Statement on Comprehensive Strategic Partnership between I.R. Iran, P.R. China  https://www.president.ir/en/91435 accessed Jul 4, 2023
  20. <<Լույս>> Հիմնադրամ, Իրան-Չինաստան ռազմավարական համագործակցության ներկան և ապագան https://www.luys.am/img/artpic/small/33b43d5e90c8d00698b308-Iran-China.pdf
  21. An Iran-China 25-Year Agreement: Wishful Thinking Or A ‘Lion-Dragon Pact’?, June 29, 2020, https://en.radiofarda.com/a/iran-china-25-year-agreement-reality-or-fiction/30696729.htm  accessed Jul 4, 2023
  22. Full text of Joint Statement on Comprehensive Strategic Partnership between I.R. Iran, P.R. China  https://www.president.ir/en/91435 accessed Jul 4, 2023
  23. <<Լույս>> Հիմնադրամ, Իրան-Չինաստան ռազմավարական համագործակցության ներկան և ապագան https://www.luys.am/img/artpic/small/33b43d5e90c8d00698b308-Iran-China.pdf
  24. Full text of Joint Statement on Comprehensive Strategic Partnership between I.R. Iran, P.R. China  https://www.president.ir/en/91435 accessed Jul 4, 2023
  25. Россия нашла лазейку в западных санкциях. (2023, January 24). ИноСМИ. https://inosmi.ru/20230124/torgovlya-259987972.html accessed Jul 4, 2023
  26. Eremenko, A. (2023, July 5). Jail Terms Proposed for Airplane Laser Attacks. The Moscow Times. https://www.themoscowtimes.com/2023/03/28/russian-oil-exports-to-india-surge-2200-following-european-sanctions-a8063  accessed Jul 4, 2023
  27. Грузы поехали в Иран. (2023, June 4). Коммерсантъ. https://www.kommersant.ru/doc/6027431 accessed Jul 4, 2023
  28.  Briefing, S. R. (2023, April 4). The Expansion of the International North-South Transport Corridor: Geopolitical Updates – Silk Road Briefing. Silk Road Briefing. https://www.silkroadbriefing.com/news/2023/04/04/the-expansion-of-the-international-north-south-transport-corridor-geopolitical-updates/  accessed Jul 4, 2023
  29. Grigoryan, Karen; Arpanahi, Ali (2022) : Perspectives of Armenian: Iranian economic relations within Belt and Road Initiative, Ordnungspolitische Diskurse, No. 2022-8, OrdnungsPolitisches Portal (OPO), Erfur
  30. SpecialEurasia. (2023, March 25). Iran and EAEU signed an agreement on a free trade zone. SpecialEurasia. https://www.specialeurasia.com/2023/01/20/iran-eaeu-free-trade-zone/  accessed Jul 4, 2023
  31. Daily Sabah “ Zangezur corridor: New transport route to connect Europe and Asia” https://www.dailysabah.com/opinion/op-ed/zangezur-corridor-new-transport-route-to-connect-europe-and-asia
  32.  Ilham Aliyev attended international conference on “Shaping the Geopolitics of the Greater Eurasia: from Past to Present to Future” in Shusha » Official web-site of President of Azerbaijan Republic. (n.d.). https://president.az/en/articles/view/59576 accessed Aug 27 2023

ՁԵԶ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆԱԵՒ ԴՈՒՐ ԳԱ

Հայաստան-Վիետնամ հարաբերություններ. իրողություններ և հեռանկարներ

Վերացական: Հայաստանի ԽՍՀ-ի և Վիետնամի միջև հարաբերությունները համեմատաբար ամուր էին խորհրդային տարիներին: Հայկական ԽՍՀ-ն և նրա ժողովուրդը առանցքային դեր խաղացին Վիետնամի հեղափոխական և ազգային շինարարական նախաձեռնություններին աջակցելու գործում՝ զգալիորեն նպաստելով…
Դիտել գրառումը

Ռեգիոնալիզմի և բազմակողմ աշխարհի առաջացող դերը

Ներածություն Չինաստանի, Հնդկաստանի վերելքը և տարածաշրջանային միջին տերությունների ի հայտ գալը, ինչպիսին է Ինդոնեզիան Ասիայում, քաղաքականություն մշակողների և փորձագետների մտադրությունը տեղափոխել է Ասիա՝ փոփոխվող իրավիճակում, երբ Արևմուտքը կորցրել է իր…
Դիտել գրառումը

Չինաստան-Իրան. Յարաբերութիւններու Ակնարկներ

Մուտք Չինաստան եւ Իրան. մէկը համաշխարհային ճանաչումով գերհզօր պետութիւն, իսկ միւսը տարածաշրջանային ազդեցիկ ուժ։ Մէկը աշխարհաքաղաքական առումով կը գտնուի Հեռաւոր Արեւելքի մէջ, իսկ միւսը երկու կարեւոր եւ անկայուն տարածաշրջաններու միջեւ,…
Դիտել գրառումը

Չինաստանի արտաքին քաղաքականության գաղափարախոսական հենքերը

Ներածություն Չինաստանի վերելքը և համաշխարհային հանրությանը նրա ինտեգրումը հետսառըպատերազմյան դարաշրջանի կարևորագույն երևույթներից են: Որպես գերտերություն սկզբնավորվելուց ի վեր՝ Չինաստանը առաջնորդվել է հստակ արտաքին քաղաքական մոտեցմամբ, որի գաղափարախոսական հիմքերն անընդհատ ենթարկվում…
Դիտել գրառումը

Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև տրանսպորտային-լոգիստիկ համագործակցության քաղաքական հարթությունը՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում

Այսօր միջազգային ասպարեզում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն էականորեն նպաստել են աշխարհաքաղաքական քարտեզի վրա Հարավային Կովկասի նշանակության ընկալման վերափոխմանը, ինչպես նաև փոփոխել տվյալ տարածաշրջանում սեփական տեղի ու դերի մասին մի շարք…
Դիտել գրառումը

ՀՀ-ՇՀԿ անվտանգային համագործակցության հեռանկարները

2022 թ. փետրվարի 24-ին ՌԴ-ի «Հատուկ ռազմական գործողության» իրականացմամբ սկսվեց ռուս – ուկրաինական պատերազմը, որը վերաճեց ՆԱՏՕ – ՌԴ ամնենախոշոր առճակատմանը Սառը պատերազմի ավարտից ի վեր։ Ռուսատանի և «Արևմուտքի» հարաբերությունների…
Դիտել գրառումը